Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Եվրոպական ֆուտբոլը նորից թակեց դռներս

Եվրոպական ֆուտբոլը նորից թակեց դռներս
20.09.2012 | 20:30

Ինչպես ասում են` աղը աղել ենք, ջուրը մաղել ենք, հիմա մնում է կոնկրետացումների կոնկրետացումներին անցնելը: Ճիշտ է, տվյալ պարագայում ջուր ասվածը մի քիչ ջրիկ է ստացվում, բայց թե փաստ է, որ ետեւում են մնացել ֆուտբոլի Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների որակավորման փուլերը, դաշտը թողնվել է «կտրիճներին»: Իսկ «կտրիճները», ոչ ավել-ոչ պակաս, հասկանում եք, հանդես են գալիս եզրափակչի համարում ունեցող խմբերում, որտեղից, ճամփան շարունակելու համար, պիտի դուրս գաս առաջին-երկրորդ տեղով, որ հետո մտնես… Սակայն շատ առաջ անցանք:

Ո՞վ ասաց, թե էլ չենք լինի մենք քսան տարեկան
Չեմպիոնների լիգայի երեքշաբթի կայացած հանդիպումների զարդն անվիճելիորեն պետք է լիներ Մոուրինյոյի «Ռեալի» ու Մանչինիի «Մանչեստր Սիթիի» դիմակայությունը, եւ խնդիրը բնավ էլ այն չէր, որ միլիոնատերերը դուրս էին գալու ընդդեմ միլիոնատերերի, իսկ օրախնդիր հարցեր լուծողներս պիտի վայելեինք տիտանների մեկմեկու փորոտիք «թափելը»: Խոսքը մարդուս մեջ նստած նախամարդու բնազդներին չի վերաբերում: Արքայական ակումբում ստեղծված վիճակը (չափազանց թույլ մեկնարկ երկրի ներքին առաջնությունում, թիմ չունենալու վերաբերյալ Մոուրինյոյի խոստովանություն եւ, դրանից ածանցված, «ես մարզիչ եմ, ու դրա համար էլ մեղքն իմ է» ինքնախարազանում-խարակիրի մուսուլմանա-ճապոնական հանգույն) լրացուցիչ քաշ ու կշիռ էր հաղորդել այդ հանդիպմանը:
Որ սեփական մեղքի զգացումը գիտակցված է, մարզչին մինչեւ վերջ խոցած լինելը խորապես ըմբռնված, ու այդ ամենը հնարավոր է շտկել միայն ու միայն հաղթելու փաստով, արքայական ակումբի ֆուտբոլիստներն ապացուցեցին խաղի առաջին իսկ վայրկյաններից (չլիներ Ջո Հարտի ֆանտաստիկ խաղը, մանկունյանցիներն առաջին խաղակեսում նվազագույնը 3:0 հաշվով պարտվելուց կլինեին), սակայն առաջին գնդակը դարպասում հայտնվեց լոկ հանդիպման երկրորդ կեսի միջնամասում, եւ այդ դարպասը… Կասիլյասի պաշտպանածն էր:
Փաստորեն լա~վ էլ գործեց ֆուտբոլային չգրված օրենքը. չես խփում դու` խփում են քեզ:
Ընդորում` ի՞նչ էր այդ գոլի մեջ ամենավիրավորականը. թերեւս այն, որ մինչ այդ պահը անգլիացիները գամված էին սեփական դարպասին ու մրցակցի կիսադաշտի գոյության մասին տեսական պատկերացումներ ունեին: Սակայն, այդ տեսական պատկերացումներով հանդերձ, վայրկյանի տակ այնպես ճեղքեցին «Ռեալի» պաշտպանությունը, այնպես հեշտությամբ կազմաքանդեցին այն, ասես Մուրինյոն դաշտ էր հանել ոչ թե թիմ, այլ թխվածքի համար սառնարանից շատ ժամեր առաջ հանած, մինչեւ «ուղնուծուծը» հետ եկած կարագ:
Իր ֆուտբոլիստների գոլ խփելու անկարողությունից վերջնականապես հոգնած ու սմքած Մոուրինյոն «Ռեալի» համար չարաբաստիկ վաթսունութերորդ րոպեից հինգ րոպե անց դաշտ հանեց միանգամից երկու խաղացողի ու նրանց մեջ Կարիմ Բենզեմային` ֆուտբոլիստ, ով փոքր-ինչ ավելի վաղ խաղադաշտ դուրս եկած Մեսութ Օզիլի պես նրա արյունը քիչ չեն պղտորել Իսպանիայի առաջնության մեկնարկային չորս խաղում:
Ինչ եղավ դրանից հետո՞:
Ռոնալդուն ու Իգուայինը մի անգամ էլ ապշած մնացին դարպասի ցանցը «շոյել» չկարողանալու անզորությունից, մինչեւ որ վրա հասավ խաղի յոթանասունյոթերորդ րոպեն, երբ Մարսելոյի հարվածը վերջապես հասավ նպատակին: Խաղի վերականգնված գոլային հավասարակշռությունը արդեն քիչ թե շատ շունչն ետ բերել էր նշանակում, սակայն քիչ անց Մանչինիի թիմը նորից առաջ անցավ:
Կոլարովի հրաշալի իրացրած տուգանայինից հետո «Ռեալի» պահեստայինների նստարանում այնպիսի տպավորություն էր, ասես մարդկանց վրա իջել էր սգո հանդիսությունն այլեւս անիմաստ ձգելու աննպատակահարմարության գիտակցումը, եւ դա, առաջին հերթին, իր իսկ` Մոուրինյոյի, համոզիչ տեսքի. այնքա~ն կրիտիկական էր նրա վիճակը: Բարեբախտաբար Բենզեման շատ արագ հավասարեցրեց հաշիվը, իսկ հանդիպման իննսուներորդ րոպեին Ռոնալդուն վերջապես կարողացավ գտնել մրցակցի դարպասի ստույգ տեղակայման վայրը:
Հաղթական գոլն այնպիսի ցնծություն առաջ բերեց, որ, չափսոսալով թանկարժեք կոոստյումը, Մոուրինյոն սլալոմիստի հանգույն, ծնկների վրա սահեց-սուրաց, իր ողջ հմայքով խուժեց խաղադաշտ` խախտելով ամեն չափ ու պատշաճություն: Այնպիսի տպավորություն էր, ասես արքայական ակումբը շահել էր Չեմպիոնների լիգայի գավաթը ու այն, ոչ ավել-ոչ պակաս, շահել էր Գվարդիոլայի «Բարսելոնի» հետ պայքարում: Մի խոսքով` ֆանտաստիկ խաղ էր` ֆանտաստիկ կրքերով, Մոուրինյոյի համար ետ գնացած տարիքով, որի համար բաղձալի սահմանայինը Ձախ Հարութն իր հանրահայտ երգում տեսել է քսան տարեկանը:
Բացառիկ ուժեղ կազմ ունեցող այս խմբում զորեղների մի այլ ճակատամարտ էլ տեղի ունեցավ: Թեպետեւ նվազագույն հաշվով, այնուամենայնիվ Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ առավելության հասավ Ամստերդամի «Այաքսի» նկատմամբ` ապացուցելով, որ այստեղ ամեն մի հանդիպում կյանքի ու մահվան գին ունի:
Օրվա մնացած խաղերում իսպանական «Մալագան» 3:0 հաշվով հաղթեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին», ինչը բավականին անսպասելի հաշիվ էր, «Միլանն» ու «Անդրլեխտը» կիսեցին միավորը (1:1` սա պիտի դիտել մրցակցի հարկի տակ եկած բելգիական թիմի համար որպես առավելություն): Հյուրընկալվելիս ֆրանսիական ՊՍԺ-ից խայտառակ մեծ հաշվով պարտություն (1:4) կրեց Կիեւի «Դինամոն», իսկ պորտուգալական «Պորտուն» երկու գնդակի առավելությամբ հաղթահարեց Զագրեբի «Դինամոյի» (Խորվաթիա) արգելքը: Արտագնա խաղում պարտվելով «Մոնպելյեին»` Լոնդոնի «Արսենալը» կարողացավ կամային հաղթանակ տոնել Ֆրանսիայի չեմպիոնի նկատմամբ: Նույն 1:2 հաշիվը գրանցվեց նաեւ հունական «Օլիմպիակոս»-գերմանական «Շալկե-04» հանդիպման ժամանակ:

Հենրիկ Մխիթարյանի պատմական դուբլը
Չորեքշաբթի օրվա խաղերից բնականաբար առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էին գրանդ ակումբների մրցելույթները, սակայն եկեք փոքր-ինչ անտեսենք պատշաճությունը եւ խոսքը սկսենք «Շախտյոր»-«Նորշելանդ» հանդիպումից, որովհետեւ ուկրաինական ակումբի կազմում հանդես է գալիս մեր Հենրիկ Մխիթարյանը` հայկական ֆուտբոլի վերջին ժամանակաշրջանը ամենավառ աստղը, եւ ակնկալիքներ ունեինք, որ Չեմպիոնների լիգայում մեր հրաշալին, գոլերի տեսքով, կանի հայկական ֆուտբոլի բացումը: Առաջ անցնելով` ասեմ, որ Հենրիկը գերազանցեց սպասումները, եւ մեր մուտքը նշանավորեց դուբլով: Գովասանքի շատ խոսքեր կարելի է ասել այս հիրավի տաղանդավոր մարզիկի մասին, սակայն ավելի լավ է մեջբերեմ ռուսական մամուլի վկայությունը, որտեղ ասված է ամեն ինչ ու բավարարվենք դրանով. «…դուբլ ձեւակերպեց այդ նույն Մխիթարյանը: Ի դեպ` դրանում զարմանալու քիչ բան կա` հաշվի առնելով, որ Ուկրաինայի ազգային առաջնությունում հայ հարձակվողը հասցրել է արդեն առանձնանալ տասներկու անգամ»:
Հարցեր կա՞ն:
Չկա’ն:
Անցանք առաջ:
Գրանդ ակումների օրվա դիմակայություններից առաջինն անդրադառնանք
«Չելսի»-«Յուվենթուս» հանդիպմանը, որքան էլ որ մեր անմնացորդ սերն ու համակրանքը «Բարսելոնի» կողմն է: Արդեն երեսուներեքերորդ րոպեին, ի հաշիվ թիմի նորեկ, բրազիլացի Օսկարի խփած երկու գոլի, անգլիական ակումբն առջեւում էր, սակայն «հաջողացրեց» խաղավերջում այն չեզոքացնելհանդիպումը, եւ մրցակիցները միմյանցից բաժանվեցին մեկական միավոր վաստակած:
Իհարկե, լրջորեն չէր կարելի հավատալ, որ Մոսկվայի «Սպարտակը» կարող է եղանակ ստեղծել «Բարսելոնի» հետ հանդիպումում, առավել եւս` «Կամպ Նոուում»: Բայց արի ու տես, որ ռուսները կարողացան նույնիսկ հաշվի մեջ առաջ անցնել: Սակայն, ինչպես գիտենք, երբ «Բարսելոնի» համար դժվար է լինում, անվրեպ գործում է նրա թիվ մեկ «զենքը»` համաշխարհային ֆուտբոլի անգերազանց աստղ Լեոնել Մեսին: Երկու գնդակ` ցանկացած ճաշակի տեր մարդկանց համար ֆուտբոլային հանճարի կատարմամբ, եւ խմբայինը կատալոնյան ակումբը սկսեց պլանային երեք միավորով:
Սեփական հարկի տակ թուրքական «Գալաթասարայի» հետ բավական ծանր հանդիպում ունեցավ եվրոպական ֆուտբոլի անցած մրցաշրջանի ամենախոշոր ձախողակը` «Մանչեստր Յունայթեդը», սակայն նվազագույն 1:0-ն նույնպես երեք միավոր է, թեպետ հանդերձասրահում ֆուտբոլիստները դեռ պիտի կարողանան նայել սըր Ֆերգյուսոնի աչքերի մեջ:
Գրանդ ակումբներից երկրպագուի առաջ ամոթով չմնաց եւ Մյունխենի «Բավարիան», ով կարողացավ կոտրել հյուրերի` իսպանական «Վալենսիայի» դիմադրությունը` 2:1:
Օրվա մյուս հանդիպումներն ունեցան այսպիսի ավարտ` «Բրագա»-«Կլուժ»` 0:2, «Սելթիկ»- «Բենֆիկա»` 0:0, «Լիլ»- ԲԱՏԵ` 1:3:
Այսպիսով` փաստենք, որ ֆուտբոլային մեծ տոնախմբությունը սկսված է, ու մեզ հիացքի ու հմայքի քիչ պահեր չեն սպասվում:
Ճարներս ինչ` պիտի դիմանանք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ